Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով եղան Գեղարքունիքի պատմամշակութային հուշարձաններում

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով 
եղան Գեղարքունիքի պատմամշակութային հուշարձաններում

ԳԱՎԱՌ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» ծրագրի մասնակիցները, նախագծային աշխատանքի  շրջանակներում կազմակերպեցին ճանաչողական էքսկուրսիա դեպի Բերդկունքի և Լճաշենի ամրոցներ ու Հին Գետիկի վանք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախագծի ղեկավար, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Սուչյանից, նախագծի թեման ներառում է Գեղարքունիքի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները, որոնց տեղում ծանոթանալու, բավարար պատկերացում կազմելու, հայրենագիտությունն  ու հայրենաճանաչողությունը խորացնելու նպատակով էլ կազմակերպվել էր աշակերտների այցը դեպի մարզի հանրահռչակված 3 հուշարձան։

Այցի առաջին կանգառը Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի ամրոցում էր, որտեղ այժմ հնագիտական պեղումներ են ընթանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ աշխատակից, հնագետ  Լուսինե Ալեքսանյանի ղեկավարությամբ։ Դպրոցականները մասնակցեցին պեղումների աշխատանքներին, շրջեցին պատմական հուշարձանի տարածքում, ծանոթացան հուշարձանի պատմությանը, ժամանակագրությանն ու կառուցվածքին։ Հնագիտական արշավախմբի ղեկավարը դասախոսություն անցկացրեց նախագծային աշխատանք իրականացնող խմբի հետ, ներկայացրեց պեղումների նրբությունները, Բերդկունք ամրոցի հնագիտական արժեքն ու նշանակությունը։

Այցի երկրորդ կանգառը Լճաշենի Կիկլոպյան ամրոցում էր, որտեղ նախագծի մասնակիցները ծանոթացան ամրոցի կառուցվածքին, շրջեցին հուշարձանի տարածքում, դիտեցին կիկլոպյան դարաշրջանում կառուցված պարիսպները, ամրոցի ներսում պահպանված բնակատեղիների ավերակները, տեղում դասախոսություն լսեցին Լճաշենի ամրոցի տարածքից ու դամբարանադաշտից դուրս բերված հնագիտական արժեքների՝ ռազմական կառքերի, զենքերի, մետաղահալոցների, խեցեղեն իրերի, Ուդուրի-Էթիունի պետության գոյության, քաղաքական-տնտեսական հարաբերությունների, Ուրարտուի արքա Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրության, այլ թեմաների մասին։

Ճանաչողական այցն ավարտվեց Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում՝ Կարմիր Եղցի կամ Հին Գետիկ վանքի տարածքում, որտեղ կարմիրգյուղցի դպրոցականներն ու ուսուցիչներն անմիջականորեն ծանոթացան միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական գլուխգործոց համարվող հուշարձանի տեսքին, փլված, սակայն իրենց վեհաշուք տեսքը պահպանած քանդակներին ու խոյակներին, ճարտարապետական մտահղացումներին, խաչքարերի բացառիկ քանդակներին։

Նրանց դասախոսություն ներկայացվեց միջնադարի հայ ականավոր գործիչ, առակագիր, իրավագետ ու եկեղեցական գործիչ Մխիթար Գոշի՝ այս վանքում գործունեություն ծավալելու, վանքի կործանման հիմնական պատճառի, հուշարձանը պեղող և ուսումնասիրող հնագետների կատարած ազգանվեր աշխատանքի մասին։

Հուշարձանի մասին հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվեր Սենեքերիմյանը։

«Ճանաչողական շրջայցը չափազանց արդյունավետ ստացվեց։ Կարելի է ասել, որ սա մի բացառիկ դաս եղավ բաց երկնքի տակ, մեր կարևորագույն հուշարձանների ներսում։ Մեզ համար չափազանց կարևոր բացահայտումներ արեցինք մեր մարզի հնագիտության, պատմության ու պատմամշակութային արժեքների յուրացման ուղղությամբ։ Սակայն այսքանով չենք բավարարվելու, քանի որ Գեղարքունիքի մարզում բազմաթիվ են պատմամշակութային այն հուշարձանները, որոնք դեռևս մեզ ու մեր աշակերտների համար մնում են անծանոթ կամ քիչ բացահայտված, ու մենք դրանց պատմությանն ու արժեքներին պետք է ծանոթանանք տեղում»,-ներկայացրին  պատմության ուսուցչուհիներ Ռոզա Սուչյանը և Հասմիկ Մարդոյանը, ուղեկցող ուսուցչուհի Լիլիկ  Իսրայելյանը։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]